Blog

Ինչպե՞ս գրել վերնագրեր, որոնք աշխատում են

Վերնագրերը չափազանց կարևոր են, քանի որ հենց դրանք են ստեղծում առաջին տպավորությունը ձեր պոտենցիալ ընթերցողների մոտ։ 

Հաջողված վերնագիրը պետք է ոչ միայն ուշադրություն գրավի, այլև փոխանցի գրառման գլխավոր միտքը թիրախային լսարանին՝ առաջացնելով ամբողջ նյութին ծանոթանալու ցանկություն։ 

Ակտիվություն ու վաճառք ապահովող վերնագրերի հիմնական տեսակները 8-ն են:


1․ Ուղիղ իմաստով

Ուղիղ իմաստ ունեցող վերնագրերը անմիջապես բացահայտում են գրառման հիմնական միտքը՝ առանց որևէ բան թաքցնելու։

Օրինակ՝ «Գույների հոգեբանությունը և դրա կիրառումը մարքեթինգում»։

2․ Փոխաբերական իմաստով

Փոխաբերական իմաստ ունեցող վերնագրերում հաճախակի օգտագործվող երկակի իմաստով բառերն ընթերցողի մոտ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը նա փնտրում է գրառման մեջ:

Օրինակ՝ «Վերջին կանգառ»։

3․ Նորություն հայտնող

Նորության վերնագիրը պետք է բովանդակալից լինի։ Նոր պրոդուկտի անոնս, սենսացիոն լուր, որևէ բանի կատարելագործված տարբերակ՝ այս ամենը կարող է դառնալ բավականին գրավիչ վերնագիր։

Օրինակ՝ «Ամառային նորություններ X բրենդից»։

4․ «Ինչպե՞ս» հարցով

«Ինչպե՞ս» հարցով սկսվող վերնագիրն իրենից ներկայացնում է օգտակար տեղեկության աղբյուր։ Այն հնարավոր է նաև կրկնապատկել, ինչպես, օրինակ, արել է Դեյլ Քարնեգին իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքի վերնագրում՝ ավելացնելով երկրորդ գործողությունը «և» շաղկապից հետո։ 
 
5․ Հարցական

Հարցական վերնագիրը պետք է այնպիսի հարց պարունակի, որը ընթերցողի մոտ էմոցիաներ ու պատասխան փնտրելու ցանկություն կառաջացնի։

Օրինակ՝ «Ի՞նչ է NFT-ն»։

6․ Հրամայական

Հրամայական վերնագիրը պետք է համարձակորեն հուշի ընթերցողին, թե ինչ նա պետք է անի։ 

Օրինակ՝ «Սկսի՛ր տարին նոր մասնագիտությամբ»։

7․ Թվականներով

Եթե գրառումը պարունակում է պատճառների, հնարքների կամ էլ խորհուրդների ցանկ, ապա վերնագիրը կարող է ամբողջացնել այդ կետերը՝ նշելով դրանց քանակը։
Օրինակ՝ «3 պատճառ պարբերաբար Reel-եր հրապարակելու համար»։

8․ Մեջբերումներով

Այս վերնագիրը պարունակում է ինչ-որ մեկի իրական խոսքերը ձեր կամ ձեր բրենդի մասին։ Վերնագրում օգտագործվող չակերտները ակնարկում են ընթերցողին՝ սա մեջբերում է, որի շարունակությունը գրառման մեջ է։

Օրինակ՝ «X խանութից իմ ամենահաջողված գնումը»։

Ինչպե՞ս գրել աշխատող վերնագրեր


Վերնագիրը պետք է լինի․
  • օգտակար,
  • ակտուալ,
  • յուրահատուկ,
  • կոնկրետ։

Վերնագիր գրելուց առաջ տվե՛ք ինքներդ ձեզ այս հարցերը․

1․ Ի՞նչ է խոստանում վերնագիրը ընթերցողին նյութը կարդալու դիմաց։
2․ Ի՞նչ կարելի է ավելացնել վերնագրում այն ավելի հետաքրքիր ու հավատալի դարձնելու համար։
3․ Կկարողանա՞ արդյոք վերնագիրը ընթերցողի մոտ ուժեղ էմոցիաներ առաջացնել։
4․ Արդյո՞ք ձեր վերնագրում կա պնդում, որի հետ կհամաձայնվի պոտենցիալ ընթերցողը։
5․ Հնարավո՞ր է արդյոք վերնագրում որևէ առաջարկ ներառել։
6․ Հնարավո՞ր է արդյոք վերնագրում ինտրիգ ավելացնել, ինչի շնորհիվ ընթերցողն անպայման կցանկանա կարդալ ողջ գրառումը։

Վերնագիր գրել սովորելը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այդ ջանքերն ի վերջո կդարձնեն ձեր աշխատանքը ավելի արդյունավետ: