Blog

Ի՞նչ է ChatGPT-ն

Մի քանի ամիս է, ինչ ChatGPT-ն ձեռք է բերել հայտնիություն, որն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Այդ աճող հայտնիությունը տարբեր դիսկուրսների առիթ է դարձել: Շատերը վստահ են, որ ֆիլմերի ու գրքերի կանխագուշակած ռոբոտ-ապոկալիպսիսը մոտ է: Մարդկանց մյուս մասը վստահ է՝ ChatGPT-ն կորցնելու է հայտնիությունն այնքան արագ, որքան արագ հասել է դրան:

Այս տարօրինակ, հետաքրքիր և հակասական դիսկուրսների ու դավադրության տեսությունների արանքում մենք որոշել ենք խոսել ChatGPT-ի ընձեռած առավելությունների մասին:

Նախ եկեք հասկանանք, թե ի՞նչ է ChatGPT-ն: Այն արհեստական բանականությամբ օժտված չատբոտ է, որն աշխատում է դիալոգային ռեժիմով: Այսինքն դուք տալիս եք հարցեր, իսկ արհեստական բանականությունը գտնում է պատասխանները: ChatGPT-ն հիմնված է լուրջ ուսումնասիրությունների վրա և կարողանում է կատարել մի շարք առաջադրանքներ՝ գրելուց մինչև ծրագրավորման տարբեր լեզուներով կոդ գրել:

ChatGPT-ն բացի վերջին ամիսների գլխավոր մեմերի և սարսափ պատմությունների պատճառը լինելուց, առաջին հերթին գործիք է, որը կարելի է օգտագործել ձեր աշխատանքի ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Վերջիվերջո, բոլոր ժամանակներում մարդիկ հարմարվել են նորարարություններին՝ դրանցից օգուտներ քաղելով, և եթե դուք կարողանաք օգտագործել արհեստական բանականության բոլոր առավելություններն ի օգուտ ձեզ, ռոբոտների ապոկալիպսիսից հնարավոր կլինի խուսափել։

Ինչպե՞ս օգտագործել ChatGPT-ն մարքեթինգում

  • Շուկայի վերլուծության համար

Եթե Վլադիմիր Իլյիչ Լենինն ապրեր 21-րդ դարում «Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ»-ը հաստատ վերափոխվելու էր «Ուսումնասիրե՛լ, ուսումնասիրե՛լ, ուսումնասիրե՛լ»-ուն: Հիշեք բոլոր այն ժամերը, որոնք դուք ծախսել եք այսպես կոչված «research»-ի վրա: Շուկայի վերլուծություն կատարելու համար Ձեզ առաջին հերթին պետք է գտնել շուկայի մասնակիցներին: Այսօր, արհեստական բանականության օգնությամբ, բոլոր այն ժամերը, որոնք դուք պետք է ծախսեիք շուկայի հիմնական խաղացողների մասին ամբողջ ինֆորմացիան գտնելու համար, կվերածվեն վայրկյանների: ChatGPT-ն «կնվիրի» ձեզ այդ ինֆորմացիան մի քանի րոպեի ընթացքում, իսկ դուք կունենաք ավելի երկար ժամանակ ստացած տեղեկատվությունը վերլուծելու համար:

  • Թվային գովազդների համար

Թվային գովազդների մասնագետների համար ևս ChatGPT-ն կարող է դառնալ անփոխարինելի գործիք: Այս դեպքում, բացի ուսումնասիրություններում օգնություն ցուցաբերելուց (ChatGPT-ն կարող է օգնել ձեզ ուսումնասիրել տարածաշրջանը, գտնել որևէ երկրում տարածված լեզուները, օգնել բանալի-բառեր գտնելու հարցում), ChatGPT-ն կօգնի ձեզ նաև փոքրիկ ստեղծագործական հնարքներով: Ձեզ պետք է իսկապես տպավորիչ վերնագիր կամ նյութը սկսող նախադասություն՝ արհեստական բանականությունը կօգնի ձեզ և կգրի պոտենցիալ հաճախորդների համար ամենագրավիչ վերնագրերը: ChatGPT-ն կօգնի նաև թարգմանել ձեր գովազդը, գտնել քերականական և ուղղագրական սխալները, գրել նամակներ, որոնք պետք կգան ձեզ աշխատանքի ընթացքում:

Սակայն պետք է հիշել, որ այսպես թե այնպես, վերջին խոսքը մնում է ձերը և ոչ ոք մարդուն չի հասկանա այնքան լավ, որքան մարդը:

  • Հրապարակումների գաղափարներ գեներացնելու համար

Հրապարակումների գաղափարներ գեներացնել ևս հնարավոր է ChatGPT-ի օգնությամբ: Միայն թե հիշեք, եթե ուզում եք ստանալ իսկապես հետաքրքիր և յուրօրինակ կոնտենտ, արհեստական բանականությանը պետք է ուղղել հստակ և ոչ պակաս հետաքրքիր հարցեր: Մի քանի րոպեն բավական է 100 գաղափար գեներացնելու համար: Հարցրեք ChatGPT-ին, օրինակ, օգնել ձեզ գտնել հինգ յուրօրինակ թեմա Linkedin-ում առաջխաղացման համար: Արհեստական բանականությունը ձեզ կտրամադրի 5 թեմա: Խնդրեք ChatGPT-ին առանձնացնել, թե այդ հինգ թեմաներից յուրաքանչյուրը ինչ բաղկացուցիչ մաս ունի: Ամեն անգամ 5 կետանոց ցանկ ստանալով՝ դուք մի քանի րոպեում կարող եք գեներացնել շուրջ 100 գաղափար ձեր հետագա հրապարակումների համար:

  • Կոնտենտ պլան ստեղծելու համար

ChatGPT-ի հետ կոնտենտ պլան ստեղծելը ևս շատ հեշտ է: Խնդրեք նրան ստեղծել տարեկան կամ ամսական կոնտենտ պլան՝ ներառելով blog post-երի, ինստագրամյան հրապարակումների և այլ անհրաժեշտ կոնտենտի գաղափարները: Արհեստական բանականության պատասխանը պետք է ենթարկել հին ու բարի Copy-Paste-ի: Սակայն մի մոռացեք ստուգել ChatGPT-ի կողմից մշակված կոնտենտ պլանը և, տրված թեմաներից ու հուշումներից օգտվելով, ստանալ վերջնական տարբերակը: Միևնույն է մարդկային ստեղծարարությունը միշտ հաղթող է լինելու:

  • Տեսանյութերի սցենարներ գեներացնելու համար

Եթե ցանկանում եք որևէ թեմայով հոլովակ նկարել և պետք է ստանալ սցենար, կարող եք դիմել արհեստական բանականության օգնությանը: Սկզբից փորձեք գեներացնել գաղափարներ ChatGPT-ի օգնությամբ, ապա մշակեք վերջնական սցենարը՝ ձեր նախընտրած տարբերակով:

Այսպիսով, չնայած բոլոր վախերին՝ ChatGPT-ն արդեն իրականություն է: Շատ քիչ դեպքերում այն ձեզ կարող է «ուղարկել» Google՝ ցանկալի ինֆորմացիան այնտեղ փնտրելու համար: Սակայն, մեծամասամբ, ChatGPT-ն կօգնի ձեզ կատարել ձեր աշխատանքի մեխանիկական մասը՝ մեծացնելով այն ժամանակը, որը դուք կարող եք նվիրել ստեղծագործելուն: Եվ ինչպես ժամանակին մարդիկ սկսել են հարմարվել ֆոտոապարատներին, հեռախոսներին կամ համակարգիչներին, այդպես էլ այսօր, մենք պետք է ադապտացվենք ներկայիս իրականությանը՝ օգտագործելով յուրաքանչյուր նորարարություն ի օգուտ մեզ: