Իսկ մենք այսօր կփորձենք հասկանալ՝ ինչ է NFT-ն և ինչու է դրա մասին այսքան շատ խոսվում:
Որտեղի՞ց է առաջացել NFT-ն
Քանի որ նախկինում այդքան էլ շատ չէինք լսում NFT-ների մասին, կարող է թվալ, որ սա նոր երևույթ է, բայց դա այդպես չէ: NFT-ն հասանելի դարձավ 2015 թվականին Էթերիում բլոկչեյնի շնորհիվ, սակայն ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնում դրան:
Ամեն ինչ փոխվեց, երբ անցյալ տարի տեղի ունեցան աղմուկ բարձրացրած մի շարք իրադարձություններ:
2021 թ. մարտին ռեկորդային գնով Christie’s աճուրդների էլեկտրոնային հարթակում վաճառվում է Beeple գրաֆիկ նկարչի «Everydays: The First 5 000 Days» վերնագրով արվեստի թվային գործը: Արժեքը՝ 69 միլիոն դոլար:
Սեպտեմբերին Snoop Dogg-ը հայտնում է իր NFT-ների հսկայական հավաքածուի մասին (ընդհանուր արժեքն այդ պահին՝ 17,7 միլիոն դոլար):
Դեկտեմբերին Bored Ape №3547 տոկենը OpenSea marketplace-ում պատահաբար վաճառվում է 3 հազար դոլարով՝ 300 հազարի փոխարեն:
Տարվա վերջում Eminem-ը իր հավաքածուի համար գնում է հերթական՝ 450 հազար դոլար արժողությամբ NFT-ն և օգտագործում է այն որպես ավատար սոցիալական ցանցերում:
Այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում. մարդկանց սկսում է թվալ, որ նրանք խոշոր գումարներ վաստակելու հնարավորություններ են կորցնում, ինչպես դա եղավ, օրինակ, բիթքոյինի դեպքում, երբ շահեցին նրանք, ովքեր ժամանակին դրա մեջ ներդրում էին արել:
Ի՞նչ է նշանակում NFT
NFT-ն հապավում է՝ Non-Fungible Token (անգլերենից՝ ոչ փոխարկելի տոկեն), այն ունի իր սեփական ունիկալ կոդը և չի կարող փոխարինվել: NFT-ն կարող է կիրառվել ցանկացած տեսակի թվային արվեստի՝ նկարի, երաժշտության, տեքստի և նմանատիպ այլ բաների նույնականացման համար:
Այսքանը պարզ է, բայց դեռ անհասկանելի է, թե ինչու են մարդիկ պատրաստ միլիոններ վճարել նկարների համար, որոնք կարելի է ներբեռնել կամ պարզապես սքրինշոթ անել և նույնպես օգտագործել՝ առանց ահռելի գումարներ ծախսելու:
Ինչու՞ է NFT-ն այսքան թանկարժեք
Ահա և մոտեցանք ամենակարևոր մասին. NFT-ն գնելիս դուք գնում եք ոչ թե թվային պատկերը, այլ դրա հեղինակային իրավունքը, որը ֆիքսվում է բլոկչեյնում:
Բլոկչեյնը, կամ բլոկների շղթան, տվյալների մի մեծ բազա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի ինֆորմացիա իր մասին, ինչպես նաև հղում նախորդ բլոկին: Երբ որևէ տեղեկություն է հայտնվում այդ բլոկների շղթայի՝ բլոկչեյնի մեջ, այն այլևս հնարավոր չէ փոխել: Նշենք նաև, որ գործարքների մասին ինֆորմացիան հասանելի է դառնում բլոկչեյնի բոլոր օգտատերերին: Եվ հենց այդ բլոկչեյնում է ֆիքսվում ձեր հեղինակային իրավունքը:
Գնեցինք NFT, ունեցանք հեղինակային իրավունք (որն, ի դեպ, ոչ մի երկրում օրինական կերպով չի ընդունվում), և վե՞րջ:
Իհարկե, ոչ:
Միշտ չէ, որ հեղինակային իրավունքն է NFT գնելու ինքնանպատակը: Օրինակ՝ BAYC (Bored Apes Yacht Club) հավաքածուի NFT-ների գնորդների ցանկում պատահական մարդկանց չենք տեսնի: Փաստացի ստեղծվում է օգտատերերի փակ համայնք, որի անդամներին հասանելի են դառնում տարբեր տեսակի առավելություններ, փակ միջոցառումներ և այլն:
Շատերը գնում են NFT սոցիալական կարգավիճակը բարձրացնելու համար: Մյուսները ցանկանում են աջակցել հեղինակին: Ոմանք մտածում են ապագայում NFT-ն վերավաճառելու մասին: Կան մարդիկ, ովքեր պարզապես հավաքածու են ուզում ունենալ:
Ինչպե՞ս է իրականացվում NFT-ների առք ու վաճառքը
NFT-ները վաճառվում են էլեկտրոնային առևտրի հարթակներում՝ marketplace-երում: Վաճառքն իրականացվում է աճուրդի ձևաչափով, հիմնականում կրիպտոարժույթով՝ առավելապես Էթերիումով (ETH):
Եթե ունեք որևէ թվային արվեստ, որն, ըստ ձեզ, կարող է հետաքրքրություն առաջացնել և ձևավորել գնողունակ պահանջարկ, ապա կարող եք դարձնել այն NFT, տեղադրել marketplace-ում (վճարելով դրա դիմաց համապատասխան միջնորդավճար) և սպասել գնային առաջարկների:
Եթե ցանկանում եք գնել NFT, ապա ստեղծում եք ETH դրամապանակ և մասնակցում եք աճուրդին:
Արդյո՞ք NFT-ն ապագա ունի
Մեր կյանքը գնում է դեպի վիրտուալացում: Մետաաշխարհում NFT ավատարներով կկարողանանք մասնակցել այս կամ այն միջոցառմանը, ձեռք բերել որոշակի սոցիալական կարգավիճակ, ցանկացած թվային արվեստի հեղինակ հնարավորություն կունենա NFT- ների շնորհիվ առաջարկել իր չկրկնվող աշխատանքները: Յուրաքանչյուրը կկարողանա լինել յուրահատուկ և տարբերվող: